ՌԴ խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը. Մուրադով

Armenpress 12:01, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում  կա դրական ըմբռնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք:

«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am