Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում

Armenpress 19:56, 8 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում և Ուկրաինայի ներգրավմամբ, խիստ զգայուն հարց է համարում ՌԴ անվտանգության տեսանկյունից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Պուտինը հայտարարել է Հունաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի որոշ դրվագների:

«Այո, մենք խոսել ենք տարածաշրջանային խնդիրներից, Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտությունից և դրա հետ կապված այլ, մեզ համար շատ զգայուն թեմայից՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից, այդ թվում և՝ Ուկրաինայի հաշվին»,- ասել է Պուտինը: Նա տեղեկացրել է, որ այս հարցը առանցքային դերակատարում ունի միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի անվտանգության տեսանկյունից, ինչի մասին ռուսական կողմը մշտապես տեղյակ է պահում իր գործընկերներին՝ ասելով, որ դա անընդունելի է:

«Իհարկե, ցանկացած երկիր իրավունք ունի ընտրել իր համար առավել ընդունելի տարբերակ՝ ապահովելու սեփական անվտանգությունը, սակայն դա պետք է արվի այնպես, որ չխախտվեն այլ երկրների հետաքրքրությունները ու չխաթարվի մյուս երկրների անվտանգությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի»,- ասել է Պուտինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am