Ճանապարհները, որոնց շուրջ անցկացնում ենք քննարկումներ, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո. փոխվարչապետ

Armenpress 19:35, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում քննարկումներ են անցկացվում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին:

«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկումներ, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո, և ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին և գործելու են ինքնիշխանության ներքո: Սա մեր աշխատանքի կարևոր մասն է: Եվ այս շրջանակներում մենք մինչ օրս քննարկում ենք հարցեր»,-ասաց Գրիգորյանը:

Աշխատանքային խմբի երկրորդ խնդիրը անմիջականորեն ենթակառուցվածքների հետ կապված տեխնիկական հնարավոր լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին և ավտոմոբիլային ճանապարհներին: Փոխվարչապետի խոսքով՝ երկաթգծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև բանակցությունները Երասխից Հորադիս գծին են վերաբերվում:  

Նրա կարծիքով՝ այս փուլում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ տեխնիկական իմաստով մեկ լուծում գտնեն ու համաձայնեցնեն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: «Ու այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-ասաց Գրիգորյանը:

 

                                                                                                                                        



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am