Դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը և «Տաղարան» համույթը հանդես կգան Առնո Բաբաջանյանին նվիրված համերգով

Armenpress 17:44, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է, դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համույթի հետ առաջին անգամ ելույթ կունենա ռուս ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը։ Երեկոյին որպես մենակատարներ ելույթ կունենան նաև ջութակահար Քրիստինե Չթչյանը և թավջութակահար Հովիկ Օգանեզովը։ Ծրագրում Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն են։

Ալեքսանդր Յակովլևը ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է։ «Շոպեն» ամսագիրը բարձր է գնահատել նրա տաղանդը՝ անվանելով նրան մեր սերնդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։

Յակովլևը Շնաբելի, Շոպենի անվան, Compositores de Espana-ն, Parnassos միջազգային մրցույթների դափնեկիր է: Ճապոնական Chopin Magazine-ը նշում է, որ Յակովլևն ունի յուրահատուկ ոճ, որի հիմքում կոմպոզիտորների ստեղծագործությունների խորը ընկալումն է:

Ալեքսանդր Յակովլևը համերգային ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանում և արտերկրում՝ հանդես գալով Նյու Յորքի Քարնեգի հոլում, Ժնևի Վիկտորիա հոլում, Ֆրանկֆուրտի Alte Oper-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում, Բարսելոնայի ազգային պալատում, Մարիինյան թատրոնում և այլուր։ Ելույթ է ունեցել Բեռլինի և Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, միլանական I Pomeriggi Musicali և այլ կոլեկտիվների հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am