ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին

Armenpress 17:24, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին: Խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն  է տարածել «Հայաստան» դաշինքը:

«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է»,-ասված է հայտարարությունում:

Ըստ ընդդիմադիրների՝ փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը, նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս:

«Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»,-ասված է հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am