1000х90.jpg (78 KB)

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն

Armenpress 18:25, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով  պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի  H3N2  ենթատեսակի  վիրուսի  հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

▶️ Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

▶️ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

▶️ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

▶️ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

▶️ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

▶️ հագնվե´ք եղանակին համահունչ,

▶️ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

▶️ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

▶️ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

▶️ հետևե´ք անձնական հիգիենային։ 

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am