«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար տուգանվել է

Armenpress 17:30, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ փաստի կապակցությամբ հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։

Հայտնում են, որ ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է. Խ.-ին, որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am