1000х90.jpg (78 KB)

Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Armenpress 17:13, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասնելով, որ ելույթում նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ՝ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։ Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։ Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։ Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։ Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am