Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը

Armenpress 20:24, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանի թողած ժառանգությունը ուղեցույց է լինելու հաջորդ սերնդին. նա ուներ քաղաքական հզոր ներըմբռնում և պատասխանատվության խորը գիտակցում:

«Վանոյի հետ կապված միայն պայծառ հիշողություններ կան: Ղարաբաղ կոմիտեի շուրջը հավաքված երիտասարդություն: Ապրել ենք մի ամբողջ կյանք, պատասխանատվության խորը գիտակցումով, վայրիվերումներով:

Վանոյի միայն գրական և ստեղծագործական կյանքը չի, որ մնալու է մեր հիշողություններում, նրա թողած քաղաքական ժառանգությունը ևս կմնա: Ափսոս, որ մեր նոր սերունդը չտեսավ նրան վերադարձած հայրենիք և գոնե մեկ անգամ Աբովյան փողոցով թող նա իջներ` այդ քայլվածքը, այդ հպարտ կեցվածքը տեսնեին:

Այնքան թույն լցրեցին իր հետևից, սակայն այդ թույնը չազդեց, միևնույն է իր թողած ժառանգությունը շատ մեծ է: Նրա թողած ժառանգությունն ուղեցույց է լինելու ներկա սերնդին, հաջորդ սերնդին, որովհետև իր ստեղծագործությունները մնալու են, այդ պարզ խոսքը մնալու է»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի`  Սիրադեղյանի հզոր քաղաքական ներըմբռնումը կապված էր հայ ժողովրդի արմատների մասին նրա ունեցած  խորը գիտելիքների հետ:

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Վանոյին, բայց նրա պատկերը միշտ մնալու է մեր հիշողություններում: Ինքը մեծ էր և որպես մեծ էլ հրաժեշտ ենք տալիս»,- եզրափակեց Քոչարյանը:

Պետական և քաղաքական գործիչ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը երկար տարիներ աշխատել է Վանո Սիրադեղյանի հետ` սկզբում «Հայոց համազգային շարժում» կազմակերպությունում, ապա Կառավարությունում և Ազգային ժողովում: Բլեյանը Սիրադեղյանին համարում է ՀՀՇ-ի ամենավառ կերպարներից մեկը:

«Մենք ուրացանք մեր եղբորը: Դա ուրացում էր և որպես մարդու, և որպես գրողի, և որպես պետական գործչի, և որպես Հայոց Համազգային շարժման առաջնորդ: Չլինելու բան էր որ Վանոն մնար անպաշտպան և 2018 թվականի իշխանափոխությունից հետո անգամ հնարավոր չլիներ արդարադատություն իրականացնել: Վանոն թողեց Հանրապետությունը հարկադրանքի տակ, որովհետև կային անհաղթահարելի ուժեր, որոնք թույլ չէին տալիս, որ արդարադատություն իրականացվի: Ինչո՞ւ  էր  անհրաժեշտություն  առաջացել Ազգային ժողովի պատգամավորին ձերբակալել, երբ որ ինքը գալիս էր դատական նիստերին: Այնքան պարզ էր այդ ամեն ինչը, այնքան հասկանալի և հասարակությունը Վանոյի պահանջը ուներ, որ նա Հայաստանում լիներ»,-ընդգծեց Բլեյանը:

Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում:

Բանասեր, լրագրող, արձակագիր, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։ 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրողրձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.): 1966-1969 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992 թվականներին եղել է ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։

1992-1997 թվականներին եղել է Ներքին գործերի նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։ 1990-1992 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր ՀՀՇ խմբակցության անդամ։ 1997-1999 թվականներին ԱԺ պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։

Նա 1999 թվականի փետրվարի 19-ին  որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն: 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։

ՀՀ Ազգային ժողովի որոշումից հետո  Վանո Սիրադեղյանն անհետանում է իրավապահների տեսադաշտից և արդեն ավելի քան 20 տարի հետախուզման մեջ էր։

Վանո Սիրադեղյանը զբաղվում էր նաև գրական գործունեությամբ, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր` «Կիրակի», (Երևան, 1983), «Շատ չհամարվի» (Երևան 1993), «Ծանր լույս», «Երկիր։Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Գյադաների Ժամանակը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am