Հաշմանդամների միջազգային օրվան «Փրկություն» հ/կ-ի սաները հանդես եկան համերգային ծրագրով

Armenpress 17:12, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փրկություն» հասարակական կազմակերպության սաները Հաշմանդամների միջազգային օրվա շրջանակում հանդես եկան թատերական բեմադրությամբ՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը», պարեցին ազգային և այլ պարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին հ/կ-ի դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև սաների ձեռքի աշխատանքները, որոնք պարբերաբար ընդգրկվում են ցուցահանդես-վաճառքներում: Վաճառքի 50 տոկոսը տրամադրվում է սաներին, ինչն ընդգծում նրանց կատարած աշխատանքի կարևորությունը:

Հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը նշում է, որ «Փրկություն»-ը մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական կենտրոն է, որն ապահովում է շահառուների զբաղվածությունը՝ թույլ չտալով որ ընտանիքը մտածի երեխային օտարելու մասին:

«Հայաստանում շատ քայլեր են արվում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը թեթևացնելու, նրանց կրթության հարցը լուծելու համար, սակայն մտավոր խնդիրներ ունեցողները դեռ տեսադաշտից դուրս են մնում. գործատուները խուսափում նրանց աշխատանքի ընդունել: Եթե անգամ ընդունում են, չեն պահպանվում աշխատանքային իրավունքները»,-շեշտում է Աբրահամյանը:

Խնդիրները բարձրաձայնելու նպատակով կենտրոնը կազմակերպում է կենդանի քարոզարշավներ: Շահառուների հետ այցեր են կազմակերպվում մշակութային օջախներ, սրճարաններ, կինոդահլիճներ և այլ վայրեր, և ասում, որ մարդիկ կարող են ունենալ մտավոր խնդիրներ, սակայն լինել բարեկիրթ: «Շատ կարևոր է նաև ընտանիքը: Եթե ընտանիքն ընդունում է երեխային ու նրան ներկայացնում այնպիսին, ինչպիսին նա կա, հանրությունը նրան այդպիսին էլ ընդունում է»,-ասում է հ/կ-ի տնօրենը:

«Փրկություն» կենտրոնը սպասարկում է 63 շահառուի Երևանից և հարակից  համայնքներից: Նրանք 18 տարեկանից բարձր են: Կենտրոնում սաները մասնակցում են կավագործության, ձեռագործության, նկարչության, գեղագիտական  ձևավորման, պարեր, թատերական և այլ խմբակների:

Հաշմանդամների միջազգային օրը, որը նշվում է դեկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին: Ասամբլեան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված հասարակության կյանքին հաշմանդամների հետագա ինտեգրմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am