1000х90.jpg (78 KB)

Շախմատի գեղեցկությունը միլիոնավոր քայլերի, հետո բացվող հնարավորությունների մեջ է. Հայկ Մարտիրոսյան

Armenpress 09:00, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եղել և մնում է շախմատային քարտեզի ամենավառ կետերից մեկը: Հայկական շախմատի դպրոցն իր ուրույն տեղն ունի համաշխարհային շախմատում:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմում սերնդափոխությունը սարերի հետևում չէ, այժմ էլ ընտրանու կազմում հանդես են գալիս երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Նրանցից մեկը հայկական շախմատի ամենահեռանկարային գրոսմայստերներից մեկն է` Հայկ Մարտիրոսյանը: Հայկի հետ մեր հանդիպումը կայացավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

 -Հայկ, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս է սկսվել ձեր շախմատային ուղին:

-Առաջին անգամ շախմատով հետաքրքրվել սկսել եմ 5 տարեկանից: Հայրս է եղել իմ առաջին մարզիչը: Հենց նրա շնորհիվ է, որ միանգամից սիրահարվեցի այս խաղին: Երբ ծանոթացա խաղաքարերին, զոհաբերություններին` սկսեցի առավել շատ հաճույք ստանալ: Այդ ժամանակներից այն կարծիքին էի, որ կարող եմ շախմատում լուրջ հաջողությունների հասնել:

-Իսկ ձեր հայրը շախմատային կարգ կամ նվաճում ունի՞:

-Նա ունեցել է 2300 միավորի մոտ վարկանիշ և երկար տարիներ մարզչական աշխատանքով է զբաղվում: Հիմա էլ նույն աշխատանքին է: Նա իսկապես ինձ շատ է օգնել կայացման հարցում: Եվ հիմա կարող եմ ասել, որ գրանցած հաջողությունների մեծ մասը նրա շնորհիվ է: Հիմա էլ շարունակում ենք խոսել այս կամ այն պարտիայի մասին:

   

-Հայկ, ձեր կարիերայում եղե՞լ է մի մրցաշար, որից հետո ինքներդ ձեզ համար որոշել եք, որ ձերը շախմատն է:

-Այո, 2011 թվականին, երբ մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձա չեմպիոն: Ես 40-րդ համարն էի մրցաշարում և նույնիսկ ֆավորիտների մեջ չէի էլ մտնում: Միայն այդտեղ` վստահ հաղթանակից հետո, եկավ այդ գիտակցությունը:

-Ո՞վ է, ըստ ձեզ, այն մեծագույն շախմատիստը, որից օրինակ եք վերցրել:

-Աշխարհի գրեթե բոլոր չեմպիոնների պարտիաներն ուսումնասիրել եմ: Բայց ամենաշատը տպավորված եմ աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի խաղով: Ես նույնիսկ իմ խաղն եմ նմանեցնում նրա ոճին: Տիգրան Պետրոսյանին ևս մեծ տեղ եմ տալիս, քանի որ ինքն իր պաշտպանության շնորհիվ տարբերվում է մյուս չեմպիոններից:

-Ո՞րն է շախմատային ձեր «ձեռագիրը»: Շախմատային աշխարհը Պետրոսյանին հիշում է «երկաթե» պաշտպանությամբ, ո՞րն է ձեր խաղաոճը:

-Կարծում եմ, դեռ այդքան երկար ճանապարհ չեմ անցել շախմատում, որ հասկանամ իմ փիլիսոփայությունը: Սակայն շախմատն այժմ շատ է տարբերվում հին ժամանակների շախմատից, քանի որ հիմա ահռելի տեղ են զբաղեցնում մարզումները համակարգչով:

-Շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, թե աշխատասեր:

-Ուժեղ շախմատիստ դառնալու համար երկու հատկանիշներն էլ պետք են: Սակայն կան տաղանդավոր շախմատիստներ, որոնք աշխատասեր չեն:

-Իսկ դուք տաղանդավո՞ր եք, թե աշխատասեր:

-Չեմ սիրում իմ մասին ինքս խոսել (ծիծաղում է):

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը:

-Շախմատը շատ հետաքրքիր խաղ է: Միլիոնավոր դիրքեր կան, միլիոնավոր հաշվարկների ձևեր: Եվ հենց դա է շախմատի գեղեցկությունը: Շախմատի գեղեցկությունը միլիոնավոր քայլերի, դրանցից հետո բացվող նոր հնարավորությունների մեջ է: Եթե սկսենք քայլերը հասկանալ, կսկսենք նաև բավականություն ստանալ նաև խաղից:

-Ձեր երեք սիրելի խաղաքարերը…

-Ձի, զինվոր, նավակ:

-Շախմատը Հայաստանում մեծ հեղինակություն է վայելում: Ո՞րն է դրա գաղտնիքը:

-Տիգրան Պետրոսյանի, Ռաֆայել Վահանյանի շնորհիվ է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում: Ժամանակին մեկն աշխարհի չեմպիոն էր, մյուսը՝ լավագույններից մեկը աշխարհում: Ես կապում եմ դա նաև նրա հետ, որ հարևան երկրներում ևս շախմատը շատ զարգացած է, ինչը մրցակցություն է առաջացնում:

-Մի քանի տարի է, ինչ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ եք: Ի՞նչ արժեք ունի այն հայ գրոսմայստերի համար:

-Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի շախմատի հավաքականում լինելը: Փոքր տարիքում նպատակս, երազանքս Հայաստանի հավաքականի անդամ լինելն էր: Միայն թիմում ընդգրկվելուց հետո հասկացա, թե ինչ մեծ տարբերություն կա հավաքականում խաղալը և պարզապես մրցաշարերի մասնակցելը: Հավաքականում խաղալը բացարձակ այլ աշխարհ է: Այս տարիները հավաքականում ինձ համար մեծ փորձ է:

-Լևոն Արոնյանի որոշումը Հայաստանից հեռանալու մասին մեծ հարված էր թիմին: Ի՞նչ մթնոլորտ է թիմում այժմ` Արոնյանի բացակայությամբ:

-Միանշանակ զգալու ենք Լևոնի բացակայությունը, քանի որ նրա նման շախմատիստները շատ չեն աշխարհում: Ձգտելու ենք իրենից սովորածով օգնել հավաքականին: Դժվար է լինելու նրա տեղը լրացնել, նույնիսկ անհնարին:

-Այժմ շախմատային աշխարհի ուշադրության կենտրոնում չեմպիոնական մրցախաղն է: Ըստ ձեզ, ո՞վ առավել մեծ շանսեր ունի:

- Մինչ մրցախաղի մեկնարկը ֆավորիտը Մագնուս Կարլսենն էր: Իսկ այժմ դժվարանում եմ ասել, թե ով կարող է հաղթել: Բայց ինձ համար Կարլսենը մնում է հիմնական ֆավորիտը:

-Որն է շախմատում ձեր հիմնական նպատակը:

-Առաջնային նպատակներիցս մեկը Հայաստանի հավաքականում մեդալ նվաճելն է: Եվ իհարկե, աշխարհի չեմպիոն դառնալը:

-Հայկ, մի քանի բլից հարցեր: Թո՞մը, թե Ջերին:

-Թոմը:

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Նավա՞կ, թե ձի:

-Ձի:

-Ֆիշե՞ր, թե Կարլսեն:

-Ֆիշեր:

-Կլո՞պ, թե Գվարդիոլա:

-Կլոպ:

-Գի՞րք, թե Ֆիլմ:

-Գիրք:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Ծո՞վ, թե լեռ:

-Ծով:

-Շնորհակալություն հաճելի զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am