Էդվարդ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը

Armenpress 09:41, 2 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։

Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։

Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am