Կվերանայվեն էներգետիկայի ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգեր  

Armenpress 10:39, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է վերանայել և նորմատիվ իրավական ակտերով սահմանել էներգետիկայի ոլորտը կանոնակարգող մի շարք տեխնիկական կանոնակարգեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ներկայացնելով «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Ներկայումս Էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի պահանջների՝ չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր եւ, հետեւաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը այժմ մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը և նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ասաց Ասոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ փոփոխություններ են առաջարկում «Էներգետիկայի մասին» օրենքում և «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքներում, որով վերահսկողություն է իրականացվելու նաև նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների նկատմամբ:

Ասոյանը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել, առաջարկություններ չեն եղել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը խնդրում է հաստատել նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին և ուղարկեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am