1000х90.jpg (78 KB)

Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը

Armenpress 19:54, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ապագա կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է բնակչության բոլոր շերտերի համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ներդրմանը։ Այդ մասին նա հայտարարել է ԳԴՀ իշխանությունների՝ դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս  մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Bild թերթին։

Շոլցը բացատրել է, որ որպես Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պատգամավոր, ինքը կհամաձայնի նման առաջարկին։ Միաժամանակ, ինչպես գրում է թերթը, դաշնային այլ նահանգների ղեկավարները, որոնց վարչապետները Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) անդամներ են, պետք է աջակցեն կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ներդրմանը։ Սակայն Բեռլինի իշխող բուրգոմիստր Միքայել Մյուլերը, ըստ Bild-ի, մտահոգություն է հայտնել նման միջոցի ընդունման կապակցությամբ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Գերմանիայում սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին։ Առաջինը պատվաստվել են տարեց քաղաքացիները, բժիշկները, սոցիալական կարևոր մասնագիտությունների գծով աշխատողները։ Արշավն օգտագործում է պատվաստանյութեր, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ամերիկյան Moderna և Johnson & Johnson ընկերությունների և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am