ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամը դատապարտվել է ցմահ ազատազրկման եզդի աղջկա սպանության գործով

Armenpress 17:12, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում կատարված հանցագործությունների համար Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որի գործողությունները հանգեցրել են եզդի աղջկա մահվան: Ֆրանկֆուրտի բարձրագույն շրջանային դատարանը իրաքցի Թահա Ալ Ջիին (Taha Al-J), ում ամբողջական անունը չի հրապարակվում, մեղավոր է ճանաչել ցեղասպանության և մահացու ելքով ռազմական հանցագործության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գերմանիայի DPA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ նա պետք է նաև 50.000 եվրո փոխհատուցում վճարի աղջկա մորը:

Նախագահող դատավոր Քրիստոֆ Քոլլերը նշել է, որ դա աշխարհում առաջին դատավճիռն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված հանցագործությունների համար եզդի փոքրամասնության դեմ։

Տղամարդը մեղավոր է ճանաչվել 2015 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին եզդի կնոջն ու նրա դստերը որպես ստրուկ պահելու և բռնության ենթարկելու համար։ 5-ամյա երեխային պատժելու համար, սաստիկ շոգի ժամանակ տղամարդը նրան կապել է բակում, որտեղ էլ վերջինս մահացել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am