«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները

Armenpress 16:29, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից բացի այս տարի կպարգևատրվեն հավաքականի մարզիչները, անձնական մարզիչները, բժիշկներն ու մերսողները:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հասարակությունում լավագույն տասնյակի ընտրությունը նորից արժեքավորվի: Դրա համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գումար: Այս տարի առաջին անգամ տասնյակի մարզիկներ, հավաքականի մարզիչները, անձնական մարզիչ և բժիշկները, մերսողները առանձին կպարգևատրվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այս տարի առաջին անգամ SMS քվեարկության միջոցով կորոշվի «Հանդիսատեսի համակրանք»-ը, որին ներկայացված կլինեն այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկները, որոնք հանրահռչակում են Հայաստանը:

«Տարվա լավագույն տասնյակը»-ի համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 50 միլիոն դրամ:

Նախնական տվյալներով ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին, իսկ պարգևատրման արարողությունը կկայանա 23-25-ն ընկած ժամանակահատվածում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am