ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Armenpress 15:57, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am