Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, և ինչքան շուտ, այնքան լավ

Armenpress 15:10, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գան` ինչքան շուտ, այնքան լավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից:

«Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ, ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եռակողմ հանձնաժողովը ներկայումս աշխատում է, և մնում է, որ Հայաստանի շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն երկրի շահերը:

Քոչարյանի կարծիքով` նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած երեք կողմերի ղեկավարների հանդիպումը տվել է դրական ընկալում, սակայն չի կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդը ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով։

«Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ասաց Քոչարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am