Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը հաջորդ տարի կմնա նույնը

Armenpress 15:04, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց  բազային աշխատավարձի չափը չբարձրացնել, ուժի մեջ կմնա գործող բազային աշխատավարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց՝ սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

«Գործող իրավակարգավորմամբ՝ բազային աշխատավարձը պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոս չափով, սակայն կառավարությունը համապատասխան միջոցներ դեռ չունի, որ կարողանանք այդ աճն ապահովել:  Եվ անցումային դրույթով 2022-ի համար առաջարկում ենք, որ գործող բազային աշխատավարձը մնա ուժի մեջ, այն է՝ մոտ 66 հազար 140 դրամի կարգի»,-ասաց Քալաշյանը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականի բացասական լինելու կամ այսինքն` կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել օրենքով նախատեսված սանկցիաները: Դրանք վերաբերում են կամ աշխատավարձի բնականոն աճի կասեցմանը, կամ վարձատրության չվճարմանը, կամ էլ պաշտոնի իջեցմանը:  Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածն ընդգրկվի պարգևատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ:

Որոշակի պետական ծառայողների խումբ կա, որոնց դեպքում դրույքաչափերը ցածր գործակիցներով են բնորոշվում: Դրանք են օրինակ կրտսեր պետական ծառայողները: Բազային աշխատավարձի նկատմամբ այդ գործակիցների կիրառման դեպքում նրանց վարձատրությունն ավելի ցածր է լինում, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը: Այդ պատճառով սահմանվել է, որ այդ գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների հիմնական աշխատավարձը չի կարող ավելի ցածր լինել, քան ամսական նվազագույն աշխատավարձի անվանական չափը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am