Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվել են նիդերլանդացի գործարարներին

Armenpress 14:05, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը դեսպան որպես հիմնական բանախոս նոյեմբերի 29-ին մասնակցել է Միջազգային քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Talenting Investment» ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերլանդացի գործարարներին պատմել է իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերել հետևել իր օրինակին։

Միջոցառման կազմակերպիչ Միջազգային քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրել է հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։  

Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի՝ դեսպան Բալայանը վերջիններիս հանձնել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am