Հայաստանն առանձնահատուկ տեղ է հատկացնում Գերմանիայի հետ համագործակցությանը. Աշոտ Սմբատյան

Armenpress 18:53, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար պետք է խաղաղ լուծում գտնել՝ տեղի բնակչության անմիջական ներգրավմամբ և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Գերմանիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանական ամենախոշոր Խմբագրությունների միությանը (RND) տված հարցազրույցում: Դեսպանն անդրադարձել է ինչպես Հայաստանի տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, այնպես էլ Գերմանիայի հետ համագործակցության հարցերին:

-Պարո՛ն դեսպան, ըստ հայկական կողմի՝ ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը:

-Երկխոսությունը միշտ էլ լավ է: Հույս ունեմ, որ այս երկխոսության արդյունքում նախևառաջ կլռի ադրբեջանական զենքը, ինչպես նաև ազատ կարձակվեն հայ գերիները: Ռուսաստանի միջնորդությամբ կայացած այս գագաթաժողովը պետք է հանգեցնի կողմերի մերձեցմանը:

-Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել միայն Ռուսաստանի օգնությամբ: Պատերազմի ընթացքում զոհվեց 6900 մարդ, Ադրբեջանը հետ գրավեց վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ 1/3-ը։ Արդյո՞ք այժմ պահպանվում է այս տարածքային բաժանումը։

-Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, որը տևեց 44 օր։ Այս պատերազմը, որն Ադրբեջանը մղեց Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին ու արտաքսվեցին իրենց պապենական տներից, լուծման չհանգեցրեց, հակառակը։ Ռուս խաղաղապահները հետագա արյունահեղության կանխման երաշխավորն են։

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար պետք է խաղաղ լուծում գտնել՝ տեղի բնակչության անմիջական ներգրավմամբ և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այստեղ ԵՄ-ն և միջազգային հանրությունը մեծ պատասխանատվություն ունեն՝ տեղում հումանիտար իրավիճակը կայունացնելու համար։ Հայաստանն իր հերթին կանի հնարավորինս այդ ուղղությամբ:

-Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 2018թ. իր ուղին սկսեց որպես բարեփոխիչ, պարտվեց այս պատերազմում, սակայն հաղթեց հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Արդյո՞ք նա Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի երաշխավորն է։

-Նույնիսկ եթե ենթադրենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հռչակագիրը վերջ դրեց Ադրբեջանի ագրեսիային, միևնույն է, իրավիճակը փխրուն է մնում։ Ադրբեջանը մինչ օրս չի պահպանում վերոնշյալ հայտարարության դրույթները, մասնավորապես, գերիների ազատ արձակումը, ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը։

Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ այս հակամարտությունում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ, շարունակում են կրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնական պատասխանատվությունը։ Խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության և փոխզիջման գնալու փոխադարձ պատրաստակամության միջոցով: Մեր միակողմանի բարի կամքի դրսևորումը բավարար չէ: Նույնիսկ 2021թ. հունիսի ընտրություններից հետո մեր կառավարության ուշադրության կենտրոնում է մնալու բարեփոխումների իրականացումը։ Մենք շարունակում ենք ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային և մշակութային ոլորտներում։

-Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմի ավարտից հետո նախաձեռնեցին 3+3 ձևաչափը՝ որպես համագործակցության հարթակ Կովկասի համար։ Բացի հարավկովկասյան երեք պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, այն ներառում է պատմականորեն խոշոր և տարածաշրջանային տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Կարո՞ղ է այս ձևաչափն իսկապես երաշխավորել համագործակցությունը:

-Տարածաշրջանային համագործակցության համար արդյունավետ կարող է լինել ցանկացած ձևաչափ. այդուհանդերձ, այդ ձևաչափի օրակարգը չպետք է ընդգրկի այնպիսի թեմաներ, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ ձևաչափերում՝ համաձայն մեր պայմանավորվածությունների։ 3+3 ձևաչափը պետք է համապարփակ խնդիրներ ներառի՝ հիմնված բոլոր ներգրավված երկրների համար շահավետ զարգացումների վրա: Հակառակ դեպքում, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները կտեղափոխվեն նոր՝ բազմակողմ հարթության, ինչը կարող է խոչընդոտել թե՛ այդ բազմակողմ, թե՛ երկկողմ երկխոսությանը։

-6 տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերին, ավարտվեց Ձեր առաքելությունը՝ որպես Գերմանիայում Հայաստանի դեսպան։ Ի՞նչ իրադարձություն է թողել Ձեզ վրա ամենատևական (ամենախորը) տպավորությունը:

-Այս վեց տարիների ընթացքում ինձ համար եղել են շատ զգացմունքային պահեր։ Այդպիսի իրադարձություններից էր 2016թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից, որից հետո Գերմանիայի տարբեր քաղաքներում, հատկապես այստեղ՝ Բեռլինի սրտում, տեղի ունեցան «ոգեկոչելու և հիշելու» նպատակով հուշաքարերի և խաչքարերի տեղադրման և օծման արարողություններ: Սա շատ կարևոր էր Հայաստան ի և անձամբ իմ համար:

Որպես մշակութային հարաբերությունների գագաթնակետ կարելի է հիշատակել Ալթոնայի 350-ամյակի առթիվ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում հայտնաբերված Գեորգ Ֆիլիպ Թելեմանի հոբելյանական կանտատի բնօրինակ ձեռագիր պարտիտուրի հանդիսավոր հանձնումը։

Գերմանիան տեխնիկական և ֆինանսական զգալի օգնություն է ցուցաբերել իմ երկրին՝ տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ինչպես նաև աջակցել է ԵՄ-ի հետ մեր մերձեցմանը Արևելյան գործընկերության շրջանակներում: Գերմանական մի շարք հիմնադրամներ աջակցում են տաղանդավոր հայ երիտասարդ գիտնականներին և տարբեր հետազոտական նախագծերին: Առկա է 15-ից ավելի համալսարանական, ինչպես նաև քաղաքային և բազմաթիվ դպրոցական գործընկերություններ:

Հայաստանը առանձնահատուկ տեղ է հատկացնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությանը։ Ամփոփելով կարող եմ նշել, որ Գերմանիայում անցկացրած վեց տարիները Հայաստանի համար միշտ չէ, որ հեշտ տարիներ էին։ Բայց դրանք հետաքրքիր էին, երբեմն նաև հիասթափեցնող, բայց բոլոր առումներով իմ գիտելիքներն ու հմտությունները շատ հարստացնող:

-Երբ 1915-1917թթ. թուրքերի կողմից հայերի հալածանքները վերաճեցին ցեղասպանության՝ 1,5 միլիոն զոհերով, Մայնի Ֆրանկֆուրտում հիմնադրված Հայաստանի օգնության ֆոնդը մեծածավալ օգնություն ցուցաբերեց: Միությունը, որը 1996թ. վերանվանվեց «Քրիստոնեական օգնության միություն Արևելքում», դեռևս խաղո՞ւմ է արդյոք որոշակի դեր Հայաստանում։

-Դա պարզապես հետապնդումներ չէին, այլ ի սկզբանե ծրագրված և համակարգված իրականացվող ցեղասպանություն: «Գերմանական օգնության միություն Հայաստանի համար» կազմակերպությունը հիմնադրվել է 125 տարի առաջ և հետագայում վերանվանվել է «Գերմանական օգնության միություն Արևելքի քրիստոնյաների սիրո համար»: Հիմնադրման պատճառը 19-րդ դարավերջին համիդյան ջարդերի զոհ դարձած հայերին օգնելու հրամայականն էր: Մինչ օրս միությունը շարունակում է օգնություն ցուցաբերել հայերին։

2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո ավելի քան 100.000 մարդ ապաստան գտավ Հայաստանում։ Ոմանք վերադարձան Արցախ, բայց ցավոք ոչ բոլորը կարողացան տուն վերադառնալ, քանի որ նրանց տները բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։ «DIACONIA բարեգործական հիմնադրամ» գործընկեր կազմակերպության հետ համատեղ՝ նշյալ միությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած այս ընտանիքներին: Բացի այդ, նրանք այժմ խնամում են ավելի քան 3300 սաների Հայաստանում և կառուցում խնամակալական հաստատություններ։ Նրանք օգնության ծրագրեր են իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սիրիայում, Լիբանանում և Իրաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am