Էժան էլեկտրաէներգիա և ընդհանուր սպառման 25 տոկոսի ապահովում. Երևանում բացվեց նոր էլեկտրակայան  

Armenpress 15:59, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվեց 250 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը իրականացվել է «Ռենկո» ընկերության, «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային գործակալության և այլ կազմակերպությունների և անհատների կողմից:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Լրագրողների հետ զրույցում «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին նշեց, որ այսօր իրենց ընկերության, ինչպես նաև Հայաստանի համար մեծ իրադարձություն է, որովհետև բացվել է շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայան 250 Մգվ հզորությամբ` հագեցած գերժամանակակից տեխնոլոգիաներով:

«Դա մեզ թույլ կտա ստանալ շատ էժան էլեկտրականություն: Գինը լինելու է մոտ 29 դրամ/կՎտժ: Եթե հաշվենք Հայաստանում սպառումը հասնում է 1000 մեգավատի, դա նշանակում է կկարողանանք ապահովել 20-25 տոկոսը»,- ասաց Գասպարինին: «Ռենկո» ընկերության նախագահը կարևորեց աշխարհում այլընտրանքային աղբյուրներից էլեկտրականություն ստանալը, սակայն, ըստ նրա, Հայաստանի համար, ինչպես և բոլոր երկրներում այլընտրանքային էլեկտրաէներգիան չի կարողանում ապահովել մարդկանց հիմնական բազային կարիքները:

«Այս տիպի կայանը շատ արդյունավետ է և գրեթե զրո ազդեցություն ունի կլիմայի վրա»,- հավելեց Գասպարինին:

«Ռենկո» ընկերության նախագահ խոսքով` շինարարական աշխատանքների ժամանակ ներգրավված են եղել 800-1000 աշխատակից` հիմնականում տեղացիներ, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

«Ծրագրի իրականացման համար շուրջ 280 միլիոն եվրոյի չափ գումար է ծախսվել: Ներդրումն ամբողջովին մասնավոր է»,- շեշտեց Գասպարինին:

 «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային գործակալության գործադիր տնօրեն Մաուրո Դալգունսոն գոհ է նախագծի իրագործումից:

«Սա առաջին  ներդրումային ծրագիրն է, բայց հաստատապես կարելի է ասել, որ ծրագրի հաջողությունը մեծ նախադրյալ է, որպեսզի այլ իտալական ընկերություններ ևս մտածեն և գան  նմանատիպ ծրագրեր և ներդրումներ իրականացնեն Հայաստանում: Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունեցող երկիր է, գտնվում է տնտեսական համակարգերի խաչմերուկում և մեծ հետաքրքրություն է ներկայացնում և կարող է ներկայացնել արտասահմանյան ներդրողների համար»,-  եզրափակեց Դալգունսոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am