Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

Armenpress 14:09, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից` մանրամասնելով, որ Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։ 

Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել  2019 թվականի հուլիսի 12-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am