Պատգամավորները գերատեսչությունների հետ քննարկել են թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու հարցը

Armenpress 15:43, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել են թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Թուրքական ծագում ունեցող ապրանքների արգելքին վերաբերող թեմայով աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:  Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների արգելքի տնտեսական ազդեցության եւ այն երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am