ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

Armenpress 17:35, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 25-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am