Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Armenpress 15:10, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումներին:

«Ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա՝ մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք: Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում», - «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշվում է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից, և «այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

2021 թ. օգոստոսից Երևանը և Անկարան մի քանի անգամ բարձր մակարդակով փոխանակվել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին դրական ազդակներով, սակայն չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մի շարք հայտարարություններին՝ այդ ուղղությամբ գործնական քայլեր առայժմ չեն արվել:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում արձանագրեց, որ «տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան»: Վարչապետը հավելել էր, որ Երևանը այդ ազդակները կգնահատի և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանի:

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետը իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն Հայաստանի վարչապետի խոսնակն ի պատասխան տեղեկացրեց, որ վարչապետի պատկերացմամբ՝ բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումները:

Նոյեմբերի 20-ին հրապարակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Փարիզ աշխատանքային այցի ընթացքում ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցը, որում Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, ասել էր,որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել երկկողմ հարաբերությունները առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը: Նախարարը հավելել էր, որ Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, սակայն Անկարան նոր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար, դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» հարցն է, ինչը բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել:

 

Արամ Սարգսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am