Flyone Armenia-ն ստացել է ICAO-ի IATA-ի նույնականացման ծածկագրերը

Armenpress 11:53, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flyone Armenia ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ընկերությունից, դրանք թույլ են տալիս իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:

«Ուրախ ենք, որ ICAO-ի և IATA-ի ծածկագրերի ձեռքբերմամբ էլ ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։  Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել Flyone Armenia-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,-ասել է ընկերության տնօրեն Միրչա Մալեկան:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքն ու ծրագրում է թռիչքներ իրականացնել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am