Հայտնի է Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայողի ինքնությունը

Armenpress 10:29, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերում զոհված և նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am