ԱԺ նախագահը ճիշտ որոշում է համարում Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը

Armenpress 17:13, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ և ողջունելի որոշում է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 15-ին որոշմանը, ըստ որի` Արշակ Կարապետյանն ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել Սուրեն Պապիկյանը:

«Նախարարի հրաժարականի հետ կապված` եղել է վարչապետի որոշումը: Դրա մասին վարչապետը հայտնել է, իսկ Սուրեն Պապիկյանի նշանակումը համարում եմ շատ ճիշտ և ողջունելի: Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը, կարծում եմ, շատ կարևոր և ճիշտ քայլ էր»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հարցին` արդյոք Սուրեն Պապիկյանը տիրապետում է պաշտպանության ոլորտին, ԱԺ նախագահը պատասխանեց, որ պետք է տարբերել կոնկրետ մասնագիտական գիտելիքները, որոնք Գլխավոր շտաբի պետի գործառույթն է և քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը:

« Ես ձեզ վստահեցնում եմ, որ Սուրեն Պապիկյանը մեր լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու մեր պատմության մեջ»,- հավելեց Սիմոնյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am