Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

Armenpress 11:42, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի  կողմից տրված  հանձնարարագրի  հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից  իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Պետական վերահսկողության ծառայությունից, ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից  իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների  իրականացման արդյունքում հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով, գումարները նախաքննության ընթացքում  վերականգնվել են:

Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am