Հայաստանում ճանապարհներին բահերով ավազ ցանելու պրակտիկան կվերացվի. ներդրվում է նոր համակարգ

Armenpress 16:20, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգը թույլ կտա դրանց հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Այս որոշմամբ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։ Կառավարությանը և սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այդ հավելվածով աշխատելու համար, այդ պատճառով էլ առաջարկում են այն կիրառել 2023թ-ի հունվարի 1-ից»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար՝ սահմանելով, որ դրանք ապահովվեն ձյունամաքրիչ մեքենաներով, որոնք կահավորված կլինեն ձյունամաքրիչ, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:

«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,- ասաց Սանոսյանը՝ ավելացնելով, որ սահմանվում է յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա: «Դրանք պետք է լինեն հիմնականում 15 և ավելի ցածր տարիքի, որոնց 70 %-ը պետք է լինի կապալառուի սեփականությունը: Այդ պայմանները բավարարելու դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ արդեն այս տարվա դեկտեմբերին համապատասխան մրցույթները կանցկացվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am