Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Armenpress 11:48, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը: Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Թիմ Լոութոնը:

«Երբ նախագիծն այս փուլն անցնի, ապա Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Չպատժված հանցագործությունը  խրախուսված հանցագործություն է»,-նշել է Հայ դատի հանձնախումբը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am