Flyone Armenia-ն կունենա կառավարման միջազգային խորհուրդ

Armenpress 17:31, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օդանավ շահագործողի լիցենզիա ստացած Flyone Armenia ընկերության կառավարման խորհրդում ներգրավված կլինեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից:

Ընկերության խորհրդից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ ընկերությունը որոշել է ներդնել կորպորատիվ կառավարման համակարգ:

Ընկերության խորհրդից հայտնեցին, որ առաջիկայում կհրապարակեն նորաստեղծ խորհրդի կազմը, ինչպես նաև խորհրդի ղեկավարի անունը: Կառավարման խորհրդի ղեկավարի հարցում ընկերության ընտրությունը կանգ է առել Հայաստանը ներկայացնող թեկնածուի վրա:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Flyone Armenia ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Այս պահի դրությամբ ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում:  Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am