1000х90.jpg (78 KB)

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Armenpress 12:35, 2 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի տեղակալի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունից կրկին առաջադրվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր պատգամավորներ ներկա չէին նիստին:

Քոչարյանը նշեց, որ եթե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ, ինքը հարց կտար նրան, այնուամենայնիվ, նա հնչեցրեց իր հարցը: «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի  առաջարկը: Այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,-ասաց նա և հորդորեց ընդդիմությանն իրենցից կախված քայլ անել:

ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից նմանատիպ պահվածը իրավունքի բացահայտ չարաշահում է: «Իմանալով հանդերձ, որ Ղազինյանը չի ընտրվելու, թեկնածուին չփոխելը պարզ իրավունքի չարաշահում է: Եվ երկրորդն ուղղակի անհարգալից վերաբերմունք  է իրենց ընտրողների հանդեպ»,-ասաց պատգամավորը:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Անդրանիկ Քոչարյանն Օհանյանին առաջարկեց նոր թեկնածու առաջադրել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am