Մարտական հենակետում նռնակի պայթյունի և 4 զինծառայողի վիրվորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 20:08, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ հոկտեմբերի 28-ին մարտական հենակետում նռնակի պայթյունի և 4 զինծառայողի վիրվորվելու դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի  պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող:

Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am