«Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար Կառավարությունը 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր կհատկացնի

Armenpress 14:50, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ից:

Նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան:

Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված  վերականգվող էներգետիկայի զարգացմանը,  ըստ որի՝ նախատեսվում է  կառուցել  մինչև  1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև  2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ  հասցնել  առնվազն 15 տոկոսի:

Ծրագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, թե' ներդրումային, թե' նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից:

«Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ» կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am