1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն չհաստատեց ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

Armenpress 13:05, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ չհաստատեց ընդդիմադիր պատգմավորների նախաձեռնությամբ ստեղծված Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվով: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը, նախաձեռնությունը ներկայացնելիս, նշել էր, որ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա. առաջինը վերաբերում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին և այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: Առաջարկվում էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախորդ նիստում, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, դա համարեց միջամտություն դատական իշխանության ոլորտին: Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: 

Քվեարկությունից առաջ «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախորդ օրը հարցի քննարկման ընթացքում շփոթ է առաջացել: Նա առաջարկեց, որ իշխանությունը ևս մեկ անգամ քննարկի, որովհետև դա որևէ ձևով չի խոչընդոտում արդար դատաքննության ընթացին: Խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդմիջումից հետո նախագիծը քվեարկությամբ ստացավ 25 կողմ, 1 ձեռնպահ ձայն: Այսպիսով, որոշումը չընդունվեց:

ՔՊ քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ ՔՊ-ն այդ նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, քանի որ դա հստակորեն ԱԺ լիազորություններից դուրս է՝ հորդորելով ընդդիմադիրներին հաշվի առնել այն լիազորությունները, որոնք տրված են խորհրդարանին:

«Եթե նրանք վկայակոչում են Դատական օրենսգրքի որևէ հոդվածի անկատարություն, ապա կարող են այս պարագայում օրենսդրական վերահսկողություն սահմանել և որևէ կերպ չառնչվել քննիչ հանձնաժողովների գործառույթներին»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ քվեարկությանը մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ:

«Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն էլ տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է:

«Այդ տեսանկյունից այս որոշմանը չքվեարկելը որևէ հետևանք չի ենթադրում, պարզապես, սրանով մյուս խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչում որևէ խնդիր ես չեմ տեսնում: Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում և ամեն կերպ փորձելու է  նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ, առնվազն, նվազեն»,-ասաց պատգամավորը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am