Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում ևս մի քանի մարտական փամփուշտ են գտել

Armenpress 20:50, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ոստիկանությունը շարունակում է հետաքննել «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանման ժամանակ դերասան Ալեք Բոլդուինի կողմից արձակված կրակոցի հետևանքով օպերատորի մահվան փաստը, հնարավոր են ձերբակալություններ ու մեղադրանքների ներկայացում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սանտա-Ֆեի շերիֆ Էյդեն Մենդոզան:

«Հետաքննությունը շարունակվում է: Եթե դրա ընթացքում շերիֆի գրասենյակը հաստատի, որ տեղի է ունեցել հանցագործություն և կան ձերբակալությունների հիմքեր, ապա կլինի ձերբակալություններ ու կներկայացվեն մեղադրանքներ»,- ասել է նա:

Մենդոզան նշել է, որ նկարահանման հրապարակի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել են ևս մի քանի մարտական փամփուշտ: Նա հավելել է, որ հետաքննիչները պարզել են նկարահանող խմբի այն երկու անդամներին, ովքեր նախապատրաստել են զենքն ու ստուգել այն: Նրանք, ինչպես նաև բոլդուինը համագործակցում են քննությունն իրականացնող մարմնի հետ:

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Նկարահանումները դադարեցվել են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am