Եթե այդ որոշումը չկայացվեր, ռազմական գործողություններ էին սկսվելու. Փաշինյանը՝ Սյունիքում հետքաշման մասին

Armenpress 19:49, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնում է, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման տվել է ինքը, սակայն այդ որոշումը կայացվել է՝ ռազմական գործողություններից խուսափելու, ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: «Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր: Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ  տեղի է ունեցե՞լ ՜նման որոշում կայացնելուց առաջ»,-հարցրեց պատգամավորը:

«Սյունիքի հետ կապված ՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է. այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում: Եվ որոշում է կայացվել՝ պատերազմից խուսափելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ. «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու: Եվ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Մենք դրանից տասնյակ կմ-ներ առաջ էինք կանգնած, ցավոք սրտի, եկել, հասել ենք այդտեղ»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, թե որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ 7 շրջանները պետք է հանձնել: «Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով: Ինչու են 7 շրջանների մաս. Ինչքան էլ ձեզ դուր չգա, դա արձանագրված է Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, դա նորություն չէ»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ գաղտնիք չունեն:

Վարչապետի վստահեցմամբ՝ այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով»,-նշեց վարչապետը: Նա ասաց, որ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է: Բայց այդ որոշմանը նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել, բայց խորհրդակցություն է եղել: 5-6 անգամ քննարկում է եղել, բանակցություն է եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել:

Նա նկատեց՝ ընդդիմությունը  8 ամիս քաղաքական պայքար է վարել և մի անգամ չի ասել, որ ՀՀ-ի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակից հանելու է: Նա կոչ արեց ընդդիմությանը, որ հայտարարեն, որ իրենք, իշխանության գալու պարագայում, Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am