1000х90.jpg (78 KB)

Սարուխանում չորս սուբվենցիոն ծրագրերից երեքն ավարտվել են

Armenpress 12:10, 27 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից ընդունված եւ իրականացվող սուբվենցիոն 4 ծրագրերից երեքն ավարտվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սարուխանի համայնքապետարանից,  սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Սարուխան համայնքի Իսահակյան եւ Թեհլերյան փողոցները եւ Գ. Դարբինյան փակուղին։ Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել  է 40 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը՝ համայնքի բարերար Գարիկ Դանոյանը։ Ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմել է շուրջ 1 200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6 000 քառակուսի մետր։

Երկրորդ սուբվենցիոն ծրագրով լուսավորության ցանց է կառուցվել համայնքի Գուսան Աշոտ, Մ. Խոստեղյան, Վ. Կարեյան, Թումանյան, Բաղրամյան, Գործարանային, Դավիթ-Բեկ, Մոնթե Մելքոնյան փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 600 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվել է 4 կիլոմետր երկարությամբ, այն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Տեղադրվել է 120 լուսատու։

Երրորդ սուբվենցիոն ծրագրով Գուսան Հավասի եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում իրականացվել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի նորոգում, կառուցվել ջրահեռացման համակարգ, կատարվել ճանապարհների հարթեցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 775 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը։ Ջրատար ցանցը եւ ջրահեռացման համակարգը նորոգվել ու կառուցվել է 1 675 մետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով։ Անցումներում տեղադրվել են երկաթյա խողովակներ։

Չորրորդ սուբվենցիոն ծրագրով շարունակվել են թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին 2020 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը։

«Նախատեսվում է մանկապարտեզում իրականացնել ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ, ջեռուցման համակարգի եւ նոր մուտքի կառուցում, այլ աշխատանքներ։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ իրականացված է շինարարության մոտ 60 տոկոսը։ Մինչեւ տարեվերջ կձգտենք ավարտին հասցնել բոլոր աշխատանքները։ Համայնքի բնակիչների անունից ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բարերար Գարիկ Դանոյանին, ով  Իսահակյան եւ Թեհլերյան փողոցները եւ  Գ. Դարբինյան փակուղին հիմնանորոգելու համար ներդրեց շուրջ 13 միլիոն դրամ։ Շնորհակալ գործ կատարեց նաեւ նրա եղբայր Լյովա Դանոյանը, ով շինարարներին աջակցություն ցուցաբերեց ամենատարբեր հարցերում»,-նշեց Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը։

Խոսրով Խլղաթյան  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am