Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Armenpress 17:25, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը:

Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Ալեն Սիմոնյանը հայտնել է մոտ ապագայում Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման մասին, ինչը նոր հեռանկարային ուղղություն է միասնական օրակարգերի առաջմղման  համար:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ փոխգործակցությունը` հատուկ կարեւորություն ունեցող հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ԱԺ նախագահը շեշտել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում:

Քննարկմանն անդրադարձ է եղել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի կիրարկման անհրաժեշտությանը: Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am