1000х90.jpg (78 KB)

Օհանյանը ներկայացրեց շփման գծում իրավիճակի հարցով փակ քննարկումից արված եզրակացությունները և որոշ մանրամասներ

Armenpress 16:57, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումից հետո ներկայացրած արված եզրակացություններ՝ մանրամասներ հայտնելով նաև Փայլասարի առնչությամբ:

Օհանյանը շեշտեց, որ քննարկումից մի քանի եզրակացություններ կարող է անել: Առաջին եզրակացությունը այն է, որ իրենք ՝ընդդիմադիրները, հրավիրել էին քաղաքական գործիչների,  այսինքն, գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին, սակայն ներկայացրել էին զինվորականներ:

«Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ անվտանգության միջավայրի ամբողջական գնահատումը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև շփման գծի իրավիճակը և ՀՀ-ից կողմից ձեռնարկվող միջոցառումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը:

Նա հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված էին:

«Այս քննարկումից երկրորդ եզրակացությունը կայանում է  նրանում, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը՝ ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու՝ թեկուզ չհաստատված, թեկուզ իրավական հենք չունեցող այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արագ կերպով պետք է մոբիլիզացիա արվեր, որոշումներ ընդունվեին, ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը մի քանի օր է»,-նշեց նա:

Քննարկումից արված երրորդ եզրակացությունը հետևյալն է՝ պետք է բարձրացնել ՊՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը, փոխգործունակությունը՝ մեկը մյուսին փոխարինելու անհրաժեշտության դեպքում:  Ընդդիմությունը մտահոգություններ ունի, թե իշխանությունը ստվերային պայմանավորվածություններ է ունենալու: Օհանյանի խոսքով՝ իրենց դաշինքի խնդիրն է եղել հասկանալ իրադրությունը և կանխել, դիմադրության շարժում ստեղծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության նման հայտարարություն այսօր չլինի:

Փակ քննարկմանն անդրադարձ եղել է նաև  ճանապարհների խնդրին, Փայլասարին: Վերջինիս առնչությամբ Օհանյանն ասաց. «Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ՝ երկու երկրների հենակետերի միջև, ՌԴ հենակետը դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»:

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am