Հայրենական մեծ պատերազմում անհայտ կորած Եղիշ Հովհաննիսյանը վերահուղարկավորվեց ծննդավայրում

Armenpress 18:33, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհայտ կորած Եղիշ Հովհաննիսյանի մասունքները, որոնք գտնվել են 2020 թվականին Սևաստոպոլում, հոկտեմբերի 25-ին հողին հանձնվեցին Հովհաննիսյանի ծննդավայրում՝ Թալինում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղիշ Հովհաննիսյանի վերահուղարկավորությունը տեղի ունեցավ Թալին քաղաքի Հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ՝ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ:

Արարողության սկզբում հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերը, որոնք կատարեցին Հայաստանում ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության նվագախումբը: Արարողությունը վարեց Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի  «Մենք հաղթանակի ժառանգներն ենք»  երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Եղիշ Հովհաննիսյանը անհայտ կորած էր համարվում 1942 թվականից: 2020 թվականին Ռուսաստանում Մեծ Հայրենական պատերազմում անհայտ կորած մարտիկների եղբայրական գերեզմանների հայտնաբերմամբ զբաղվող որոնողական խմբերի աշխատանքի արդյունքում Սևաստոպոլում հայտնաբերվել էին Եղիշ Հովհաննիսյանի մետաղական մեդալիոնն ու անձնական իրերը, ինչը թույլ էր տվել պարզել հավանական մահվան տարածքը:

Հայրենական մեծ պատերազմի վետերան, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի կանանց խորհրդի նախագահ Ռոզալյա Աբգարյանը հատկապես կարևորեց այն փաստը, որ միջոցառմանը ներկա էին դպրոցականներ, որոք մեր ապագան են: «Անձամբ չեմ ճանաչել Հովհաննիսյանին, սակայն գիտեմ, որ նա հրաշալի ռազմիկ էր, որն իր ամբողջ կյանքն է նվիրել գերմանական ֆաշիզմի դեմ խորհրդային բանակի հաղթանակին»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի ժամանակ իրենց փոքր մեդալիոններ էին տվել, որոնցում գրված է եղել մասնակիցների անձնական տվյալներն ու հարազատների հասցեն: Դրա շնորհիվ է հնարավոր եղել գտնել նաև Եղիշ Հովհաննիսյանի մասունքները:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ  27 մլն մարդ է զոհվել:  «Բոլորը գիտեն, որ պատերազմին մասնակցել է Խորհրդային Հայաստանի 600 հազար բնակիչ, իսկ զոհվել է մոտավորապես 300 հազարը, որպեսզի մենք այսօր այստեղ լինենք: Մենք գիտենք, որ հայ ժողովուրդը Խորհրդային Միության ավելի քան հարյուր հերոս է տվել՝  մարշալներ, գեներալներ, և մենք չենք կարող մոռանալ այդ մարդկաց, չենք կարող  չհարգել նրանց հիշատակը»,-շեշտեց Կարապետյանը:

Հուղարկավորման արարողությունից հետո մասնակիցներն այցելեցին Երևանում «Մայր Հայաստան» ռազմական թանգարան: Թանգարանին փոխանցվեց մարտիկի մետաղական մեդալիոնն ու անձնական իրերը, որոնք իրենց տեղը կգտնեն թանգարանի պատմական հավաքածուում:

Եղիշ Հովհաննիսյանը ծնվել է 1907 թվականին  Թալինի շրջանի Վերին Թալին գյուղում: 1941 թվականի օգոստոսի 25-ին զորակոչվել է Թալինի տարածքային զինկոմիսարիատ: Ծառայել է 388-րդ հրաձգային դիվիզիայի 778-րդ հրաձգային գնդում: Մարտիկի ավագ եղբայրը՝ Սերգո Հովհաննիսյանը 1946 թվականին փորձ էր արել գտնել եղբորը կամ մահվան վայրը, սակայն չէր հաջողվել:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am