COVID-19. Արցախում գրանցվել է 47 նոր դեպք, 14 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 12:13, 24 Հոկտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15637 քաղաքացու հետազոտություն, որից 1641-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am