ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

Armenpress 18:08, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ընտրել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ՝ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ալեքսանդր Սերգեևը ՌԳԱ նախագահ է 2017 թ-ից: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյան օպտիկայի, ոչ գծային ալիքային երևույթների տեսության, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառները:

Նշվում է, որ ակադեմիկոս Սերգեևի ղեկավարած գիտական խմբի մշակած պատկերապատման մեթոդները հնարավորություն են ընձեռում ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Խմբի աշխատանքներն ուղղված են կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի գործիքների ստեղծմանն ու օգտագործմանը և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օպտիկական համահունչ տոմոգրաֆիան, օպտիկական դիֆուզիոն տոմոգրաֆիան, դիֆուզիոն լյումինեսցենտային տոմոգրաֆիան, ուլտրամիկրոսկոպիան:

Գիտության մեջ ծանրակշիռ ներդրումների համար վաստակաշատ գիտնականն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի  (1999թ.), կառավարության մրցանակի  (2012թ.), պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006թ.):

Ալեքսանդր Սերգեևը ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների  համատեղ գիտահետազոտական գործունեության ջատագովներից է: Համաձայն գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզի նախագծի՝ երկու երկրների ակադեմիաների  կողմից իրականացվելու են լայնամասշտաբ ծրագրեր՝ լեռնային  լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռահար մեթոդի մշակում, երկրաֆիզիկական և սեյսմագեոդինամիկ գործընթացների ուսումնասիրություն, սինթեզված նոր նյութերի վրա հիմնված ակուստաէլեկտրոնային սարքերի մշակում և ստեղծում, COVID-19 ախտորոշիչ փաթեթների մշակում,  երիտասարդ գիտնականների առաջխաղացման  հարցերի քննարկում  և այլն:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ,  քննարկվել էին երկու պետությունների ակադեմիաների համագործակցության գերակա ուղղությունները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am