Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը

Armenpress 17:59, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 19-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները: Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ:

Նա նաև տեղեկացրել է, որ Նորվեգիան առաջիկայում «Moderna» տեսակի պատվաստանյութի նշանակալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին՝ հույս հայտնելով, որ այն զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am