Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի

Armenpress 20:23, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող  հրապարակը սահմանազատվում է հետագայում բարեկարգվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Տարիներ շարունակ այդ հատվածում ավտոմեքենաներ էին կայանում կամ գյուղմթերքի տոնավաճառներ կազմակերպվում: Որպես Մհեր Մկրտչյանի հրապարակ ճանաչելի դարձնելու և մշակութային անցուդարձի կենտրոնի վերածելու գործընթացը սկսվեց դեռ 2020 թվականին. շուկան տեղափոխվեց, տարածքն ազատվեց հակաէսթետիկ և հակասանիտարական վիճակից:

Արաբկիր վարչական շրջանը տեղեկացնում է, որ ավտոմեքենաների կայանումը կանխող արգելասյուների տեղադրումը մեկնարկն է այն մեծ աշխատանքի, որը նախատեսվում է հրապարակի հիմնանորոգման և իրական նպատակին ծառայեցնելու համար: Սա նաև սկիզբն է արաբկիրցիների համար երկար սպասված՝ Մերգելյանի այգու հիմնանորոգման աշխատանքների:

Հրապարակն ունենալու է նաև ստորգետնյա կայանատեղի, և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է ընդունել և քննարկել մասնավոր հատվածի կողմից ներկայացվող՝  կայանատեղիի կառուցման հետ կապված ներդրումային առաջարկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am