Ռուսաստանը 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախին

Armenpress 16:23, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության 10 տոննա բեռ՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Չկալովսկի օդանավակայանի ռազմական ինքնաթիռում:

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա հումանիտար օգնության փոխադրումը Հայաստանի Հանրապետություն: Թռիչքն անցել է սահուն, առաջադրանքը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Բեռը պետք է տեղափոխվի Ստեփանակերտ: Ուղարկված մարդասիրական օգնության մեջ են նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար:  Հասցվել է նաև սնունդ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, էլեկտրական վառարաններ և այլ ապրանքներ: «Դրանք կտրամադրվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատ կորցրածներին, կարիքավորներին, ներքին տեղահանվածների ընտանիքներին, - ասել է  Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am