Ապագա լուսնագնացների և մարսագնացների հայրը Ալեքսանդր Քեմուրջյանն է. կայացավ «Ալեքսանդր Քեմուրջյան-100» գիտաժողովը

Armenpress 17:48, 17 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ ինժեներական լուծումները, առաջին «Մակինտոշը», առաջին էլեկտրական մեքենան, Սերգեյ Կորոլյովի հրթիռը, մնալու են պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյան-100» գիտաժողովի բացման խոսքում։

«Եկեք չմոռանանք, որ գիտության, արվեստի կողքին կա ինժեներական արվեստ: Մեծ ինժեներները գուցե և հայտնաբերում ու հայտնագործում են նաև բնության օրենքները, սակայն նրանց ստեղծագործությունները արդյունաբերության, ինժեներության, հաճախ նաև արվեստի գործեր են, որոնք հիմնված են բնական օրենքների վրա: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ ինժեներական լուծումները, առաջին «Մակինտոշը», առաջին էլեկտրական մեքենան, Սերգեյ Կորոլյովի հրթիռը, մնալու են պատմության մեջ», - ընդգծեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Իր ելույթը նախագահը սկսեց պատմական ակնարկով՝ հիշելով տարիներ առաջ Բոլոնիայի համալսարան կատարած իր այցը, որտեղ նրան ներկայացրել են Կիլիկիայից մինչև Արցախ ընկած պատմական Հայաստանի տարածքը, հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքները մանրամասն նկարագրող մի քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Քարտեզի հեղինակը մեկ այլ տաղանդավոր հայ գիտնական է՝ 17-րդ դարում ապրած պոլսահայ նշանավոր հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, գրող, պատմագիր Երեմիա Քյոմուրճյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Քեմուրջյանը շատ հազվադեպ հանդիպող հայկական ազգանուն է, և մեծ է հավանականությունը, որ Տրապիզոնից Վլադիկավկազ գաղթած հայկական ընտանիքում 1921 թվականին ծնված Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյանը Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի ազգակիցն է և իր տաղանդը գենետիկորեն նրանից է ժառանգել:

Հանրապետության նախագահը ուրախ է, որ երկար տարիներ Խորհրդային Միությունում Ալեքսանդր Քեմուրջյանի անունը գաղտնի պահելուց հետո այժմ եկել է ժամանակը ճիշտ գնահատական տալու հայազգի հանճարեղ ճարտարագետին:

«Երջանիկ եմ, որ այդ հանճարեղ ստեղծագործող մարդը ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել: Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, և իհարկե՝ որպես ՀՀ նախագահ, շնորհավորել բոլորիս հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ իր հետևորդները, մասնավորապես զավակը, շարունակեն իր գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր գալու է», - ընդգծեց նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի նստավայրում կայացած «Լուսնից դեպի Մարս» խորագրով գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Գիտության և արվեստի «Սթարմուս» միջազգային փառատոնի տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Տեսաուղերձներով հանդես եկան ամերիկացի գործընկերները՝ ՆԱՍԱ-ի նախկին ղեկավար Շոն Օ'Քիֆը, «Մոլորակային հասարակության» համահիմնադիր Լուի Ֆրիդմանը և «Ապոլոն 16»-ի տիեզերագնաց, լուսնագնաց Չարլզ Դյուկ կրտսերը:

Ի դեպ, մեկ տարի անց՝ 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը, Հայաստանում տեղի կունենա «Սթարմուսի» 6-րդ փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո։ Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին, նվիրված կլինի Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումը նույնպես կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել Ալեքսանդր Քեմուրջյանի մարսագնացը:

Գարիկ Իսրայելյանի այս կարևոր առաքելությունը գիտության զարգացման գործում հաշվի առնելով՝ Քեմուրջյանի աշակերտը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ Միխայիլ Մալենկովը և նրա որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի անվան շքանշանով պարգևատրեցին Գարիկ Իսրայելյանին, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն (2003-2015) Ժան-Ժակ Դորդենին։

Վլադիմիր Քեմուրջյանը նաև պատմեց իր հոր կյանքի և ժառանգության մասին՝ Բաքվում անցկացրած մանկության տարիներից մինչև Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ ընդունվելը, որտեղ Ալեքսանդր Քեմուրջյանը ինժեներից հասել է մինչև փոխտնօրենի պաշտոնի:

Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավոր ժառանգությունը, որդու խոսքով, իր ընտանիքն է։ «Նրա ամենագլխավոր ժառանգությունը շատ բարյացկամ և լավ վերաբերմունքն էր այն մարդկանց, որոնք իրեն շրջապատում էին», - ասաց Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ ցույց տալով իր ծնողների ոսկե հարսանիքի լուսանկարը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ալեքսանդր Քեմուրջյան-100» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեցին ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարները, «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Սթարմուսի» տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Արամ Սարգսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am