1000х90.jpg (78 KB)

Սիրիական տարածքի համար առեւտուրը սպառնում է վերածվել ուժային սցենարի

Armenpress 11:21, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտ ներկայացնելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտին՝ գնելու 40 «F-16» կործանիչներ, ինչպես նաեւ ամերիկյան օգնությամբ արդիականացնելու մոտ 80 ինքնաթիռներ, Թուրքիան նպատակ ունի վերադառնալ ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Այդ երկրի պաշտոնյաները վստահ են, որ դա տեղի կունենա, որովհետեւ խաղարկում են Մոսկվայի գործոնը՝ հայտարարելով, որ կարող են դուրս գալ ԱՄՆ-ի ուղեծրից եւ ձգվել դեպի Ռուսաստան: Իհարկե, սա ընդամենը հայտարարություն է նախկին ոգով. աշխարհում հիմա բոլորն են հասկանում, որ Էրդողանին այլեւս չի հաջողվում խաղալ երկու լարի վրա, քանզի Ռուսաստանն ու Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունեն:

Փորձենք հասկանալ ռուս-թուրքական հարաբերությունների վիճակն այսօր սիրիական հարցում: Ռուսաստանի եւ Թուրքիայի իշխանություններն զգալիորեն բարձրացրել են փոխադարձ մեղադրանքների տոնը Սիրիայի հարցում: Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ակնարկել են, որ պատրաստ են ինքնուրույն քրդական զինված խմբավորումներին հետ մղել դեպի անհրաժեշտ խորություն, ռուսական դիվանագիտությունը պատասխանեց հայտարարությամբ, որ պաշտոնական Դամասկոսն իրավունք ունի վերականգնել իր ինքնիշխանությունը երկրի ողջ տարածքի վրա, չնայած որոշ մասն առաջվա պես վերահսկվում է ոչ կառավարական ուժերի կողմից, որոնք ենթարկվում են Անկարային: Փորձագիտական շրջանակներում ՌԴ-ից եւ Թուրքիայից ակնկալվում է Սիրիայում շեշտադրումների աճ, սակայն առայժմ՝ հրետակոծությունների մակարդակով:

Այն մասին, որ սիրիական կառավարությունն իրավունք ունի վերադարձնել ամեն բան, ինչը կորցրել է քաղաքացիական պատերազմի տարիներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը:

«Մենք անփոփոխ հանդես ենք գալիս Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության պահպանման օգտին,- բացատրել է նա:- Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, դրա հիման վրա ենք մենք կառուցում մեր բոլոր շփումները, ներառյալ՝ Թուրքիայի հետ: Այսօր խոսում ենք այն մասին, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի Սիրիայի ինքնիշխանությունը վերականգնվի այդ պետության ողջ տարածքում»: Ինչ վերաբերում է Անկարայի ցանկացած ռազմական նախապատրաստությանը, ապա, ինչպես նշել է դիվանագետը, նրանք պետք է հաշվի առնեն ինքնիշխանության պահպանումը:

Դրան նախորդել էին թուրքական ղեկավարության կտրուկ հայտարարությունները: Անկարայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հաղորդել է, որ իր երկիրը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին հավասարապես պատասխանատու է համարում այն բանի համար, որ քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներն առաջվա պես գրոհում են թուրք զինվորականների դիրքերը:

«Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն պետք է այդ ահաբեկիչներին վերաբնակեցնեին սահմանից 30 կմ դեպի հարավ,- շեշտել է Չավուշօղլուն:- Ռուսաստանը պարտավոր էր նրանցից մաքրել Մանբիջ եւ Թել-Ռիֆաաթ քաղաքները: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատասխանատու են հարձակման համար»: Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է ինքնուրույն անել ամեն բան, որպեսզի «տարածքը մաքրի ահաբեկիչներից»:

Արաբական Հանրապետությունում ինքնուրույն գործողություններ նախաձեռնելու Թուրքիայի պատրաստակամության մասին առաջինը խոսել է Էրդողանը: «Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Սիրիայում: Վճռական ենք տրամադրված՝ վերացնելու սպառնալիքներն այնտեղ»,- հայտարարել է նա հոկտեմբերի 11-ին: Իսկ առիթը թուրքական դիրքերի գնդակոծումն էր, որի պատասխանատվությունը դրվել է քրդական ինքնապաշտպանության ջոկատների վրա: Հենց նրանց վրա է ԱՄՆ-ն հենվել երկար ժամանակ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Մեկնաբանելով Էրդողանի արտահայտությունները՝ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է. «Մենք դատապարտում ենք հարձակումը ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Թուրքիայի վրա: Մենք շեշտում ենք կրակի դադարեցման գծի պահպանման կարեւորությունը»:

Ամենազարմանալին այն է, որ Սիրիայի հյուսիսային շրջանների շուրջ լարվածության աճը տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Սոչիում կայացած բանակցություններից մի քանի շաբաթ անց: Սիրիական հակամարտության թեման այդ բանակցությունների օրակարգում էր:

«Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովը բավական կարճ տեւեց՝ հատկապես հաշվի առնելով թարգմանիչների վրա ծախսված ժամանակը եւ թեմաների ցանկը,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Մերձավոր Արեւելքի վաշինգտոնյան ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող եւ միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:- Դժվար թե այնտեղ համաձայնություն է ձեռք բերվել ռուս-թուրքական նոր փոխանակման վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այս հարցը բարձրացվել է «շոշափելիորեն»»:

«Այլ բան է, որ կողմերը վեցժամյա բանակցություններից հետո երբեք չեն հնչեցրել կոնկրետ պայմանավորվածություններ՝ գերադասելով տարածություն թողնել իրենց գործողությունների մեկնությունների համար,- ուշադրություն է հրավիրել փորձագետը:- Դա անհրաժեշտություն է ստեղծված պայմաններում, երբ Մոսկվան Անկարայից պահանջում է կատարել պայմանավորվածությունները, որոնք Պուտինն ու Էրդողանը ձեռք են բերել 2020 թ. մարտին Կրեմլում եւ որոնք վերաբերում են Իդլիբի M4 (Հալեպ-Լաթաքիա) մայրուղու վերաբացմանը, իսկ Անկարան Մոսկվայից պահանջում է կատարել Սոչիի 2019 թ. հուշագրի կետերը՝ կապված քրդական ինքնապաշտպանության ուժերը Մանբիջից ու Թել-Ռիֆաաթից հանելու հետ»: Այստեղից էլ, Մարդասովի խոսքերով, բոլոր ենթադրությունները, թե որտեղ կարող է նոր գործողություն սկսվել, եւ ինչպես այն կանդրադառնա մյուս շրջանների իրավիճակի վրա:

Բայց չարժե շտապել դրա մեկնարկի մասին եզրակացություններում: Առաջին՝ Թել-Ռիֆաաթի շրջանում պաշտոնապես թուրք զինվորականներ չկան: Իհարկե, այնտեղ հաստատվել են Սիրիայի ընդդիմադիր ազգային բանակի օպերատիվ ուժերը, բայց մեծ հարց է, թե նրանք որքանով առաջ կգնան միայն հրետանու աջակցությամբ: Երկրորդ՝ Ասադի բանակի կողմից թուրքական դիրքերն առանց համաձայնեցման շրջանցելու փորձերը կարող են հանդիպել Թուրքիայի զինված ուժերի դիմադրությանը, որոնք 2020 թ. հաղթահարեցին սիրիական զորքերին զանգվածային հարվածների հոգեբանական արգելքը: Երրորդ՝ Մոսկվայի համար չափազանց դժվար է կատարել 2019 թ. իր վրա վերցրած պարտավորությունները: Դժվար է քրդերին ինչ-որ բան առաջարկել Սիրիայի արեւելքում ամերիկյան ներկայության պայմաններում:

Այս համատեքստում ամենաօպտիմալ սցենարը կարծես գոյություն ունեցող սիրիական ստատուս քվոյի պահպանմամբ տարբերակն է: «Սակայն խաղադրույքները, իհարկե, կբարձրանան,- վստահ է Մարդասովը:- Այս իմաստով կողմերն իսկապես կարող են ստատուս քվոն վերածել տարածքների նոր փոխանակման, բայց, ինչպես նախկինում, գործընթացը ծածկվելու է փոխադարձ մեղադրանքներով եւ այլն: Առայժմ ես խաղադրույք չեմ կատարի գործողության վրա՝ որպես այդպիսին, այլ շեշտը կդնեմ հրետանային հարվածների ուժեղացման վրա՝ որպես հաղթաթուղթ բանակցությունների համար: Առավել եւս՝ հատուկ մթնոլորտ է ստեղծում այն, որ շուտով պետք է կայանա Էրդողանի առերես հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am